Пресса

Թամարա Գվերդծիթելիի գլխավոր դերակատարմամբ «Սանսեթ բուլվար» մյուզիքլը մի քանի օր կզարդարի մարզահամերգային համալիրի բեմը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլը՝ «Սանսեթ բուլվար»-ը, որը պատմում է հանրահայտ դերասանուհի Նորմա Դեսմոնդի մասին, ապրիլի 6-12-ը նոր ոգով, նոր շնչով ու ինքնատիպ բեմադրական լուծումներով կներկայացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորմա Դեսմոնդի կերպարը կերտել է հանրահյատ երգչուհի, Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելին:
https://youtu.be/xXyPmPTpbe4

«Սա համր ֆիլմի կինոաստղի ողբերգական պատմություն է, մի կնոջ պատմություն, որն ասես անպետք է դառնում, երբ ի հայտ է գալիս հնչյունային կինոն: Կարծում եմ, որ սա ոչ թե մասնագիտության, այլ մասնագիտության հանդեպ հուսահատ, անձնուրաց սիրո, դավաճանության, հավատարմության մասին է: Այս ամենը վերբերում է այս մյուզիքլին, որն անգամ դուրս է մյուզիքլի սահմաններից, քանի որ պատմությունը շատ հուզիչ է, ողբերգական, էլեգանտ»,-ասում է երգչուհին ու շնորհակալություն հայտնում՝ իրեն նման դեր նվիրելու համար:

Գվերդծիթելին առաջին անգամ չէ հյուրընկալվում Հայաստանում: Հիշում է՝ տարիներ առաջ Երևան է այցելել համերգներով: Ըստ նրա՝ համերգ երևույթը բոլորովին այլ մշակույթ է, քանի որ երաժշտասերները գալիս են համերգասրահ՝ դիտելու սիրած արտիստին, լսելու սիրելի, հայտնի երգերը, և համերգը հնարավորություն է տալիս հանդիպելու մարդկանց, որոնք երկրար ժամանակ չեն տեսնվել և շատ են ցանկանում շփվել, հաճելի, նոստալգիկ ու շատ ծանոթ երաժշտություն լսել: «Իսկ այս անգամ ինձ բոլորովին այլ բան է Հայաստան բերել: Շատ անհանգիստ եմ և շնորհակալ եմ, որ ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ բոլորովին ուրիշ եմ»,-շեշտում է Գվերդծիթելին և վերադառնում իր կերպարին:

Նրա համոզմամբ՝ ինքը չի կարող իրեն չտեսնել Դեսմոնդի դերում և չի փորձում արդարացնել նրան, այլ փորձում է հասկանալ: «Հույս ունեմ, որ մեր ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և հանդիսատեսը կտեսնի շատ գեղեցիկ, հուզիչ երաժշտական խոստովանություն: Սա ասես կնոջ հոլիվուդյան պատմություն է, բայց իրականում համամարդկային է»,-եզրափակում է Թամարա Գվերդծիթելին:

Ներկայացումը, որում զբաղված են և՛ ռուս, և՛ վրացի, և՛ հայ արտիստներ, բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Անտոն Մուզիկանտսկին, որի խոսքով՝ «Սանսեթ բուլվար»-ը համաշխարհային մյուզիքլի դասական գործերից է և մեծ առավելություն է նման նյութի, ինչպես նաև նման արտիստների հետ աշխատելը:

«Մյուզիքլի այս տարբերակն առաջին անգամ է բեմադրում: Դերասանները շատ դրական են: Շատերն այնքան էլ ծանոթ չեն այս ժանրին, ոմանք վաղուց են աշխատում երաժշտական ներկայացումներում, սակայն բոլորն արձագանքում են ժանրի պահանջներին, առանձնահատկություններին: Արտիստները բարդ վոկալային, խորեոգրաֆիկ համարներ ունեն: Առավոտից մինչ երեկո փորձեր ենք անում: Դերասաններից յուրաքնաչյուրն ուղղակի հերոս է»,-ընդգծում է Մուզիկանտսկին և հավելում՝ իրենց խնդիրը համաշխարհային մակարդակի բեմադրություն անելն է:

Ներկայացման մեջ կարելի է տեսնել Երևանի կամերային թատրոնի մի խումբ դերասանների, որոնք մեծ էնտուզիազմով են աշխատում: Դերասանուհիներից Անի Լյուպենի համոզմամբ՝ Հայաստանում առաջին անգամ է նման լայնամասշտաբ մյուզիքլ բեմադրվում, որի շուրջ բարձր պրոֆեսիոնալներ են համախմբվել:

«Մյուզիքլի յուրաքանչյուր կտոր իր քաղցրությունն ունի: Ինքս կերտում եմ երեք կերպար, սակայն յուրահատուկ է երիտասարդ Նորմայի դերը: Հաճախ հետևում են Թամարա Գվերդծիթելիի խաղին ու մտածում, թե երիտասարդ Նորմային կերտելու պարագայում ինչ ժեստեր, շարժումներ կաներ և այլն: Կարող եմ ասել՝ երջանիկ եմ, որ նման երգչուհու, դերասանուհու հետ նույն բեմում եմ լինելու»,-եզրափակում է Լյուպենը:

Դերասան Սենիկ Բարսեղյանն էլ խոստովանում է՝ բոլորը շատ են սիրում Գվերդծիթելիին: «Երբ սպասում ենք բեմ դուրս գալուն և այդ ընթացքում նա բեմում երգում է, ակամայից մոռանում ենք, թե երբ պետք է բեմ դուրս գալ: Մի կախարդական բան է տեղի ունենում»,-ասում է նա:

Երևանյան «Սանսեթ բուլվար»-ը կյանքի է կոչում Skyfist Studio պրոդյուսերական ընկերությունը, որի ղեկավարը Պողոս Հարությունյանն է:
Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Источник: https://armenpress.am/arm/news/1106605.html
Сансет Бульвар