Пресса

Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի մյուզիքլը. Պողոս Հարությունյանը՝ «Սանսեթ Բուլվարի» մասին

2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։

Ինչպես Azg.am-ն ավելի վաղ հայտնել է, երևանյան «Սանսեթ բուլվար»-ը ստեղծվել է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից, հատուկ Հայաստանի համար: Նախագիծն իրականացնում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը, որի ղեկավարն է Պողոս Հարությունյանը։

Նա պատմեց, որ Երևանում միջազգային մյուզիքլ բեմադրելու գաղափարը ծագել է դեռևս 1999 թվականին՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը դիտելուց հետո։ «Բայց այն ժամանակ դա անիրատեսական երեւակայություն էր թվում, հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ 24 տարի էր պահանջվում այն կյանքի կոչելու համար: Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի իրականացման աշխատանքները սկսվել են 2018 թվականի աշնանը, այս ամբողջ ընթացքում ես հանդիպեցի բազմաթիվ մարդկանց` պրոֆեսիոնալների և «ոչ այնքան»։ Շատերի հետ եմ համագործակցել՝ փնտրելով գործընկերների։ Ինձ համար կարևոր էր, որ ողջ ստեղծագործական խումբը՝ ռեժիսորի գլխավորությամբ, ճշգրիտ պատկերացներ և հասկանար, թե ինչ եմ ուզում։ Իմ պահանջներն ու որոնումներն ինձ տարան դեպի Անտոն Մուզիկանցկին, որը չէր վախենում գաղափարի մասշտաբներից»,-նշում է Պողոս Հարությունյանը:

Մյուզիքլի գլխավոր դերում (Նորմա Դեզմոնդ) ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին է: Այս ընտրության մասին Պողոս Հարությունյանն ասում է. «Ինձ համար Թամարա Գվերդցիտելին իրական արվեստի մարմնավորում է։ Նրա թավշյա ձայնը տանում է երկրային բարձունքներ: Երբ առաջարկ եղավ, որ Թամարա Միխայլովնան խաղա Նորմա Դեզմոնդի դերը, ես շատ զարմացա և ուրախացա։ Սկզբում նախատեսել էինք այս դերի համար հրավիրել մեր առաջատար օպերային երգչուհիներին. դրա համար երկար բանակցություններ են վարվել, բայց, ըստ երևույթին, ճակատագրի կամքով մենք բախտ ունեցանք այս նախագծին մասնակից դարձնել տիկին Գվերդցիտելիին»։

Հարցին, թե հայ հանրությունն այս դժվարին պահին հոգեպես պատրա՞ստ է նման մասշտաբային դիտարժան շոուի, Պողոս Հարությունյանը նշեց. «Այս դժվարին պահին, ինչպես ասում եք, մեր Հայաստանը հեռացել է հոգևորից, վերերկրայինից։ Մենք դա ցավով ենք նկատում, և Հայաստանում մյուզիքլի բեմադրման պատճառներից մեկը հենց սա էր: Հույս ունենք հնարավորինս շատ երիտասարդների, ամբողջ հայ հասարակությանը ներգրավել այս բարձր արվեստի մեջ: Հուսով ենք նաև, որ հայ ժողովուրդը կգնահատի մեր ջանքերը։

Գիտե՞ք, երբեք լավ ժամանակ չի լինի՝ նոր բան ներկայացնելու համար։ Հավատում եմ, որ Հայաստանի հանդիսատեսը կընդունի նոր ժանրը։

Այո, դժվար կլինի, բայց ես համառ եմ»։

Չնայած միջազգային հանրաճանաչությանը՝ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը։

Մյուզիքլը բեմադրվել է The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը դառնալ։


Источник: https://azg.am/news/%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%bd%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a8/
Сансет Бульвар